Քաղաքացիական մշակույթ

Մարդկանց մեծամասնությունը համարվում են քաղաքացիներ այն պետության, որտեղ նրանք գտնվում են, ծնվել են, կամ որոնց ծնողները այդ ժամանակ տվյալ երկրի քաղաքացի են:

Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման, սեփական շահերին առնչվող խնդիրների լուծմանը մասնակցության և քաղաքացիական մշակույթի ձևավորման ճանապարհին վերջին հնգամյակի կարևորագույն հանգրվաններից մեկը, թերևս, ՀՀ կառավարության կենսաթոշակային բարեփոխումների նախաձեռնությանը քաղաքացիների արձագանքն էր։

հայկական պետականության առաջին մեկուկես տասնամյակում քաղաքացիական տարբեր խմբերն ու դրանց նախաձեռնությունները հիմնականում չէին կարողանում էականորեն ազդել իրենց շահերին առնչվող որոշումների ընդունման վրա։ Իսկ, եթե որոշումների հետևում կանգնած էր լինում այս կամ այն մասնավոր շահը, ապա քաղաքացիների համախմբումը գերազանցապես դատապարտված էր անհաջողության, քաղաքացիներին էլ սպասում էր խորը հիասթափությունը։

Հայաստանցիների համար սովորական է դարձել իշխանության նախաձեռնությունների հետևում կանգնած տեսնել այս կամ այն մասնավոր շահը։ Այնքան սովորական, որ հայաստանցին երբեմն մասնավոր շահ է տեսնում անգամ այնտեղ, ուր այն չկա։

Մարդիկ սովորել են, որ իրենց վերաբերվող շատ ու շատ հարցեր վճռելիս՝ իրենց հետ հաշվի չեն նստում, իրենց կարծիքը չեն հարցնում, չեն լսում։ Հայաստանցին սովոր է, որ իրեն համոզում են, քարոզում են ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է, որ կուլ տա որոշումը, ոչ ավել, ոչ պակաս։ Քաղաքացին դեռ չի սովորել, թե ինչպես ստիպել քաղաքականություն մշակողին նախաձեռնող լինել իր կարծիքը հարցնելիս, ինչպես իր շահին համահունչ որոշումներ ձևավորել, սակայն արդեն գիտե, թե ինչպես է հարկավոր կասեցնել իր շահերին հակադիր որոշումների գործընթացը։ Քաղաքացին ու գործադիրը դեռ չգիտեն, ինչպես համատեղել ջանքերը, սակայն արդեն ընկալում են, թե ինչի կարող է հանգեցնել այդ ջանքերի հակադրումը՝ քաղաքականության ստատուս քվոյի, երբ ակտիվ քաղաքացիների այս կամ այն խմբի համար խիստ անցանկալի զարգացումները դադարում են և բարեփոխումների սայլը կանգնում է։ Մինչդեռ այդ սայլին երկրի համար հաճախ խիստ կենսական բարեփոխումներն են։