Վանո Սիրադեղյան «Շատ չհամարվի»

Հեղինակի մասին.

Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը Վանո Սիրադեղյանի մասին ասել է.

«Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած… Եվ հրճվանք էին պարզում այդ պատկերներն ու կերպարները – ուրախացնում էին իրենց արդեն իսկ կենդանությամբ ու բազմությամբ, ուրախացնում էր նրանց տերը՝ բազում կոչվածների մեջ եզակիի իր ընտրյալությամբ։ Սա ճիշտ գրող էր և սա ճշմարիտ արձակ էր։ Մերձակա ամբողջ ամայության պատճառը մոտավորությունն էր, իսկ սա երկարակեցության էր կոչված։ Բայց որովհետև Ակսելն ու Մուշեղը գրիչները վար էին դրել անժամանակ, իսկ Մնձուրու երկար կյանքից գրականության էր տրվել մի կարճ ժամանակ միայն և մի կարճ պահի մեջ սպառումը ճակատագիր էր թվում – այս մեկի՞ն ինչ էր պատահելու»։

Վանո Սիրադեղյանի «Շատ չհամարվի» պատմվածքը գյուղում ապրող մի ընտանիքի մասին էր: Ընտանիքի բոլոր զավակները ցրված էին Հայաստանի տարբեր վայրերում: Մայրիկը վշտացած էր, քանի որ անհանգստանում էր իր ընտանիքի, որդիների և թոռների համար, նա ցանկանում էր, որ իր բոլոր որդիները և թոռները միասին լինեն: Եվ վերջապես եկան։ Բոլորը եկան։ Տասը զավակները, տասնհինգ թոռները՝ մի մասը՝ այստեղ, երկուսը բանակ, վեցը՝ տնապահ իրենց տներին…Էլի ոչինչ։ Հյուրերը լցվեցին պատշգամբը, կահկարասից ազատված մեծ սենյակը, կանայք տեղավորվեցին վերջին սենյակում ու դեռ գալիս են։ Բոլորը երջանիկ էին, պարում էին և զվարճանում, սակայն վաղը կրկին շաղ էին գալու ամբողջ Հայաստանով մեկ: Եվ պատմվածքը վերջանում է հետևյալ խոսքերով. «Աստված, մոր էս մի գիշերը շատ չհամարես»: Այսինքն այդքան տանջանքներից հետո մայրիկը վերջապես երջանիկ էր, և պատմվածքի հերոսը խնդրում էր Աստծուց, որ այդ երջանկությունը կրկին տառապանքի չվերածվի: Կարծում եմ՝ պատմվածքի միջոցով հեղինակը ցանկանում էր ասել, որ ցանկացած մայր իրեն կարող է երջանիկ զգալ միայն իր զավակների և ընտանիքի կողքին:

Թողնել մեկնաբանություն