Խելահեղ սեր. ինչո՞ւ Սևակի կինն անձնագիրը շպրտեց դեսպանի դեմքին

Բանաստեղծ Ռուբեն Սևակը հայկական մտավորականության այն 250 ներկայացուցիչներից էր, որոնց Օսմանյան կայսրության կառավարության որոշմամբ 1915թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալեցին, աքսորեցին սիրիական անապատ ու սպանեցին։ 

2015 թ․-ի ապրիլի 24-ին Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանգվածային միջոցառումներ անցկացվեցին։ 21-րդ դարում Թուրքիայի ամենամեծ քաղաքներից մեկի բնակիչները հայ լրագրող և գրող Հրանտ Դինքի սպանությունից հետո երկրորդ անգամ փողոցներում իրենց ազգային ինքնությունը չթաքցնող հարյուրավոր հայերի տեսան։ Շիշլի թաղամասում` այն տան մոտակայքում, որտեղ ապրել է Կոմիտասը, հավաքվեցին Ցեղասպանության զոհերի հետնորդները։ Նրանց թվում էր Ռեհան Սալերի Սարեբայը՝ Ցեղասպանության ժամանակ զոհված բանաստեղծ և բժիշկ Ռուբեն Սևակի քրոջ թոռնուհին։ Նա հավաքվածների առաջ ելույթ ունեցավ դողացող ձայնով․

«Ռուբեն Սևակը մանկուց իմ հերոսն է եղել։ Ես աստվածացնում էի նրան, պաշտում էի նրա մասին պատմություններ լսել։ Բայց իմ մեջ հպարտության զգացմունքին զուգահեռ կատաղություն էր փոթորկում՝ ինչո՞ւ նա հրաժարվեց թուրքերի հետ գործարքի գնալ։ Ինչո՞ւ չամուսնացավ թրքուհու հետ և չփրկեց իր կյանքը։ Շատ երկար ժամանակ ես չէի կարողանում հասկանալ ու ներել այդ քայլը։ Նա անուղղելի իդեալիստ էր, և ես հպարտ եմ, որ իմ երակներով նրա արյունն է հոսում․․․»

Ռուբեն Սևակը հայկական մտավորականության այն 250 ներկայացուցիչներից էր, որոնց Օսմանյան կայսրության կառավարության որոշմամբ 1915թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալեցին, աքսորեցին սիրիական անապատ ու սպանեցին։ Սևակն ընդամենը 30 տարեկան էր։ Գերմանուհի կինը՝ Յաննին, մենակ մնաց 2 անչափահաս երեխաների՝ Լևոնի ու Շամիրամի հետ։

1930 թ․-ին Ամերիկայի Բոստոն քաղաքում, հայկական «Հայրենիք» ամսագրում Հասան անունով մի թուրքի պատմություն հրապարակվեց։ Հասանը եղել էր այն կառքի կառապանը, որով սպանելու էին տարել Ռուբեն Սևակին ու ևս չորս հայի։ Նրանց թվում էր նաև մեկ այլ հայտնի հայ բանաստեղծ՝ Դանիել Վարուժանը։ Հինգ հայերով և երկու ոստիկաններով կառքն ուղևորվել էր Այաշ քաղաք։

«Ճանապարհին մեզ կանգնեցրին։ Մեզ թվաց` ավազակներ են հարձակվել, բայց ժանդարմներից մեկը ողջունեց անծանոթին, որի հետևից ևս չորս զինված տղամարդիկ էին գալիս։ Հինգ հայերի ձեռքերը կապված էին։ Ժանդարմները խուզարկեցին նրանց ու հեռացան․․․ ես հեռվից տեսա, թե ինչպես հինգ զինված տղամարդիկ հարձակվեցին կապկպված մարդկանց վրա, մերկացրին նրանց ու կապեցին ծառերին։ Հետո ավազակախմբի պարագլուխն ու նրա մարդիկ մերկացրին դաշույնները և սկսեցին դանդաղ ու անխռով սպանել նրանց։ Դատապարտյալների ճիչերն ու նրանց հուսահատ կատաղությունը կտոր-կտոր էին անում սիրտս»։

Կառապանի խոսքով` Սևակին վերջինն են սպանել, նա տեսել է ընկերոջ` Դանիել Վարուժանի և մյուսների դաժան սպանությունը։ Իսկ դահիճների թվում կար մեկը, որն իր դստեր կյանքի համար պարտական էր Ռուբեն Սևակին։

…1914թ․-ին Սևակը բուժում է մի բարձրաստիճան թուրք պաշտոնյայի դստերը, որը ծանր հիվանդ էր և մահամերձ։ Աղջիկը սիրահարվում է իր փրկչին։ Թուրքը, ցանկանալով շնորհակալություն հայտնել Սևակին, առաջարկում է նրան ամուսնանալ իր դստեր հետ։ Սևակի ազգական Հովհաննես Չիլինգարյանն իր «Ռուբեն Սևակ» գրքում փոխանցում է թուրք պաշտոնյայի խոսքերը․

«Բժիշկ, քո ազգը պիտի մեռնի, ձեզնից ոչ մեկը չի փրկվի։ Բայց եթե դու մահմեդականություն ընդունես և ամուսնանաս աղջկաս հետ, ես քեզ կփրկեմ»։

Սևակը, ապշած նման առաջարկությունից, հայտարարում է, որ ամուսնացած է և երեխաներ ունի։ Ի պատասխան թուրքը քմծիծաղ է տալիս․

«Բան չկա, մեր կրոնում դա արգելք չէ»։

Սևակը հրաժարվում է գործարքից։ Նա քրիստոնեությունը հայկական ազգային ինքնության, իր հայ լինելու անքակտելի մասն էր համարում։ Բացի այդ, նա անչափ շատ էր սիրում իր կնոջը։

Թողնել մեկնաբանություն