Նամակ ապագային. «Ես եմ…»

Ձմռան շունչն արդեն զգացվում է…Շուտով կրկին Ամանոր է, կրկին նոր երազանքներ, սպասումներ…Սիրում եմ Ամանորը, թերևս միայն նրա համար, որ յուրաքանչյուրը սպասում է իր ամանորյա հրաշքին ու փնտրում այն դիմավորելու լավագույն միջոցը:

Ինչպես բոլոր շրջանավարտների կյանքում, այնպես էլ իմ կյանքում, այս տարին հագեցած է բազմաթիվ հետաքրքիր և տպավորիչ իրադարձություններով։ Իհարկե, քննական լարվածությունը և զբաղվածությունը կա, բայց դրա հետ մեկ տեղ պետք է նաև հասցնել պատանեկան տարիները վայելել։ Գալիք տարին իսկապես շատ որոշիչ է յուրաքանչյուրիս համար, և կարծում եմ, որ բոլորիս երազանքներն ու ցանկությունները հիմնականում կապված են ուսման մեջ սպասելիք հաջողությունների հետ։ Ես էլ չեմ առանձնանում և շատ եմ ուզում որ հաջորդ տարին էլ ավելի նպաստի յուրաքանչյուրիս ընտրած ճանապարհի զարգացմանը։ Կարծում եմ, շատ հետաքրքիր կլինի, քանի որ արդեն կսկսենք կենտրոնանալ մեր ապագա մասնագիտության վրա, ինչպես նաև կշարունակենք մեր հետաքրքրությունները այլ ոլորտներում։ Օրինակ՝ չնայած նրան, որ իմ ապագա մասնագիտությունը կապված չէ օտար լեզուների հետ, ես շատ եմ կարևորում օտար լեզուների իմացությունը և աշխատում եմ ազատ ժամանակս տրամադրել օտար լեզուների և տարբեր երկրների մշակույթների ուսումնասիրմանը։

Շատ եմ ուզում, որ գալիք տարին լինի հաջողակ, հեքիաթային, անմոռաց և իհարկե խաղաղ տարի։ Ուզում եմ, որ տեսնենք Նոր տարվա ամեն մի հրաշք ու հավատանք, որ երազանքներ կարելի է պահել ոչ միայն աստղ ընկնելիս, այլև կախարդական գիշերվա պայծառ երկնքից թափվող ամեն մի փոքրիկ փաթիլի հետ։ Չ՞է որ բոլոր երազանքներն ու նպատակներն էլ մի օր իրականանում են, միայն պետք է հավատալ և սպասել։

Թողնել մեկնաբանություն