Հայերը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին

Հայկական հարցը 1912-1914թթ.

Բալկանյան երկրները (Սերբիա, Բուլղարիա, Հունաստան, Չեռնոգորիա) 1912թ. ամռանը ստեղծեցին ռազմական դաշինք նպատակ ունենալով թուրքերին վերջնականապես դուրս մղելու իրենց տարածաշրջանից։ Հոկտեմբերին նրանք պատերազմ սկսեցին Օսմանյան Թուրքիայի դեմ: 1912-1913թթ. Բալկանյան պատերազմում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը քաղաքական աշխուժություն առաջացրեց հայերի շրջանում: Ելնելով ստեղծված բարենպաստ իրավիճակից՝ հայերը որոշում են մեծ տերությունների ուշադրությունը հրավիրել հայկական վիլայեթներում բարենորոգումներ իրականացնելու վրա: 1912թ. հոկտեմբերի 2-ին կաթողիկոս Գևորգ V-ը պաշտոնապես դիմում է Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով-Դաշկովին՝ խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար: Մեկ ամիս անց կաթողիկոսը եգիպտահայ նշանավոր քաղաքական և հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշային լիազորում է մեծ տերություններին ներկայացնել հայկական բարենորոգումների խնդիրը: Այսպիսով թուրքական կառավարությունը կազմում է բարենորոգումների մի ծրագիր, որով նախատեսվում էր բարենորոգումներ կատարել հայկական վեց վիլայեթներից (Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Տրապիզոն, Էրզրում և Սեբաստիա) միայն չորսում: Իրենց հերթին արևմտահայերը կազմում են բարենորոգումների իրականացման սեփական ծրագիրը: Այն նախատեսում էր վեց վիլայեթները միավորել մեկ երկրամասի մեջ, որը պետք է գլխավորեր գերագույն կոմիսարը կամ գեներալ-նահանգապետը: 1912թ. վերջին և 1913թ. սկզբին ռուսական, անգլիական և ֆրանսիական կառավարությունները համաձայնության են գալիս Օսմանյան Թուրքիայի հայկական վիլայեթներում բարենորոգումների նախագիծ կազմելու: 1913թ. հունիսի 4-ին Կ.Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացնում է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը: Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից կազմել մեկ նահանգ: Նահանգը ղեկավարվելու էր թուրքահպատակ քրիստոնյայի կամ եվրոպացի գեներալ-նահանգապետի կողմից: Գեներալ-նահանգապետին էին ենթարկվելու ոստիկանական և զինվորական ուժերը: Օրենսդիր մարմինը կազմվելու էր տեղի մահմեդական և քրիստոնյա բնակչությունից: Պաշտոնական լեզուն լինելու էր թուրքերենը: Զուգահեռաբար թույլ էր տրվում օգտագործել հայերենը և քրդերենը: Բարենորոգումների հսկողությունն իրականացնելու էին մեծ տերությունները: Սակայն Օսմանյան կառավարությունը, ստանալով գերմանացիների և ավստրիացիների աջակցությունը, հայկական վիլայեթներում բարենորոգումների ծրագիրը ձախողելու միտումով զանազան խոչընդոտներ է հարուցում: Բանակցություններ են սկսվում Ռուսաստանի և Գերմանիայի միջև: Ի վերջո թուրքական կառավարությանն է ներկայացվում վեց կետից բաղկացած մի նախագիծ: 1913թ. հոկտեմբերի 10-ին օսմանյան կառավարությունը պաշտոնապես տեղեկացնում է ռուսական կողմին, որ ինքը պատրաստ է իրագործել հայկական վիլայեթներում բարենորոգումների ներկայացրած ծրագիրը: 1914թ. հունվարի 26-ին կնքվում է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Առաջին նահանգի մեջ մտնելու էին Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի, իսկ երկրորդի մեջ՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները: Նահանգապետերի թեկնածությունն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նահանգապետերի ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն): Նահանգապետերն ունենալու էին զինված ուժեր, որոնք պետք է հետևեին նահանգների ներքին կարգ ու կանոնին: Հայերին արտոնվում էր մահմեդականների նման զենք կրել: Հայկական դպրոցների պահպանման ծախսերն իր վրա էր վերցնում Օսմանյան պետությունը: 1914թ. գարնանը Արևմտյան Հայաստանի նահանգապետեր են նշանակվում հոլանդացի դիվանագետ Լ. Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն. Հոֆը: Նրանք նոր էին անցել իրենց պարտականությունների կատարմանը, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Հայկական բարենորոգումներն այդպես էլ չիրականացան:

Հայերը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Կամավորական շարժում

Հայոց պատմության մեջ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները մի առանձնահատուկ փուլ են կազմում: Մարդկային, նյութական և տարածքային ծանր կորուստների կողքին հայ ժողովրդին հաջողվեց այդ դժվարին ժամանակաշրջանի ավարտին վերականգնել անկախ պետականությունը՝ ստեղծել Հայաստանի Հանրապետություն: Առաջին աշխարհամարտն սկսվել է 1914թ. հուլիսի 19-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 1-ին): Պատերազմն իր բնույթով անարդարացի, ծավալապաշտական (իմպերիալիստական) էր, ոմանց համար գլխավոր նպատակն էր պահպանել, ոմանց համար էլ՝ փոփոխել հին աշխարհակարգը: Քողարկելով իրենց զավթողական ծրագրերը՝ տերություններից յուրաքանչյուրը հայտարարում էր, թե կռվում է «փոքր» ազգերի իրավունքների և հակառակորդի բռնակալ տիրապետությունից նրանց ազատագելու համար, որպես օրինակ նշում էին սերբերին, հայերին, լեհերին, հրեաներին: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական կառավարությունն ու արևմտյան տերությունները հայկական կամավորական շարժումն օգտագործել են իրենց նվաճողական նպտակների իրականացման համար: Մինչդեռ հայկական կամավորական ջոկատների և հետագայում ստեղծված հայկական կանոնավոր զորամասերի հիմնական նպատակը հայ ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովումն էր և Արևմտյան Հայաստանի ազատագրումը:

Հոկտեմբերի 30-ին Օսմանյան Թուրքիան թույլատրել է գերմանական ռազմանավերին անցնել Բոսֆորի նեղուցով և ռմբակոծել ռուսական նավահանգիստները: Ի պատասխան՝ նոյեմբերի 3-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային։ Ռազմական, գործողությունները տեղի են ունեցել Կովկասյան ու Բալկանյան ռազմաճակատներում և Սև ծովում: Կովկասյան ռազմաճակատում Թուրքիան կենտրոնացրել է 300-հազարանոց բանակ՝ ռազմական նախարար Էնվեր փաշայի հրամանատարությամբ: Ռուսական զորքերի թիվը մոտ 200 հազար էր՝ ցարի եղբոր, իսկ 1916թ.՝ գեներալ Նիկոլայ Յուդենիչի հրամանատարությամբ: Ի տարբերություն ռուս-թուրքական պատերազմների՝ այս անգամ թուրքական կառավարությունը հայերին զորակոչել է բանակ: Ավելին՝ ներքին գործերի նախարար Թալեաթը դաշնակցությանը պաշտոնապես առաջարկել է թուրքական բանակում կազմակերպել կամավորական շարժում ռուսների դեմ: 1914թ. ամռանը Թալեաթը էրզրումում բանակցել է ՀՅԴ գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ: Սակայն հայ քաղաքական կուսակցությունները մերժել են թուրքերի առաջարկը, որն էլ ավելի է սրել հայ-թուրքական հարաբերությունները: Միևնույն ժամանակ՝ Կովկասի փոխարքա Իլարիոն Վորոնցով-Դաշկովն Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին հավատացրել է, որ նվիրվածության դիմաց հայերը կստանան ինքնավարություն: Հատկանշական է, որ նույնատիպ խոստումներ է տվել Թալեաթը արևմտահայերին՝ Արևելյան Հայաստանը գրավելու դեպքում: Այդ ճակատագրական պահին շուրջ 300 հազար արևմտահայեր զորակոչվել են թուրքական բանակ, իսկ ավելի քան 200 հազար արևելահայեր զինվորագրվել են ռուսական բանակին: Նոյեմբերին թուրքական զորքերը ներխուժել են Կարսի մարզ և զանգվածային կոտորածներ կազմակերպել հայկական բնակավայրերում: 1914թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915թ. հունվարի 5-ը Սարիղամիշ քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել Կովկասյան ռազմաճակատի ամենաարյունալի ճակատամարտը: Թուրքական 90-հազարանոց բանակից զոհվել է 78 հազարը, իսկ Էնվեր փաշան հազիվ է խուսափել գերեվարվելուց: Ռուսների 60-հազարանոց զորքից զոհվել է 20 հազարը: Հայ հասարակա-քաղաքական շրջանները, դեռևս պատերազմից առաջ, ելնելով ցարական կառավարության 1914թ. հուլիսի 23-ի՝ ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից և հույս ունենալով, որ ռուսական բանակում հայկական զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն Արևմտյան Հայաստանի ազատագրմանը, բանակցություններ են սկսել Ի. Վորոնցով-Դաշկովի հետ: Ցարական կառավարությունը 1914թ. սեպտեմբերին թույլատրել է կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին: Հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին՝ կամավորական շարժմանը զորավիգ են եղել Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը, հայտնի դաշնակցականներ Հակոբ Զավրիևը, Ալեքսանդր Խատիսյանը, Արմեն Գարոն, Համո Օհանջանյանը և ուրիշներ: Կամավորական ջոկատներ կազմակերպելու և նրանց զենքով ու սննդամթերքով ապահովելու համար ստեղծվել է ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն է ունեցել Ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ Թիֆլիսի Հայոց ազգային բյուրոն ենթաբաժիններ է ունեցել Մոսկվայում, Պետրոգրադում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր: Կամավորական շարժմանն զգալի նյութական օգնություն են ցույց տվել հատկապես Մոսկվայի, Պետրոգրադի, Բաքվի, Թիֆլիսի, ինչպես նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկական կոմիտեները (միայն 1915թ. հավաքվել է 1 մլն 444 հզ. ռուբլի), իսկ զենքով ու ռազմահանդերձանքով՝ ցարական կառավարությունը: Կազմակերպվել է կամավորական 8 ջոկատ: 1915թ. վերջին կամավորների ընդհանուր թիվը հասել է 10 հազարի: Կամավորական առաջին ջոկատները ռազմաճակատ են մեկնել 1914թ. նոյեմբերին: Մարտական սխրանքներով հատկապես աչքի է ընկել կամավորական 1-ին ջոկատը, որն ամենամեծն էր (1200 հոգի): 1915թ. ապրիլին ջոկատը հաղթական մարտեր է մղել Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում՝ Վանի ուղղությամբ, և ռուսական զորքերի հետ գլխովին ջախջախել Խալիլ բեյի 12-հազարանոց բանակը: Այդ հաղթանակը մեծ նշանակություն է ունեցել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս կանխելու համար: Անդրանիկի ջոկատը, հետապնդելով Խալիլ բեյին, անցել է թուրք-պարսկական սահմանը, նոր հարված հասցրել թուրքերին Խանասորի լեռնանցքում և մտել է Բաշկալե՝ խափանելով Վանի վրա գրոհող Ջևդեթ բեյի զորամասին օգնության հասնելու թուրքական պլանը: Կամավորական ջոկատները հետ են կանչվել՝ մեկ հայկական բանակ ստեղծելու նպատակով: Անդրանիկը հրաժարվել է վերադառնալ: Հայկական կամավորական ջոկատներն զգալի օգնություն են ցույց տվել Ռուսաստանի կովկասյան բանակին Արևմտյան Հայաստանի մեծ մասի ազատագրման համար մղվող մարտերում՝ Սարիղամիշում, Ալաշկերտում, Պարսկաստանում, ամենագործուն մասնակցություն են ունեցել Վանի, Բիթլիսի, Բաբերդի, էրզրումի, Երզնկայի ազատագրմանը: Ռուսական իշխանությունները, բարձր գնահատելով հայ կամավորների օգնությունը, միաժամանակ անվստահությամբ են վերաբերվել նրանց: Կամավորական ջոկատներում տեսնելով ապագա հայկական բանակի կորիզը և Արևմտյան Հայաստանում հայոց պետականություն ստեղծելու հեռանկարը՝ նրանք դեմ են եղել դրանց միավորմանը: Ավելին, 1915թ.-ի դեկտեմբերին գլխավոր հրամանատարությունը ցրել է կամավորական ջոկատները և վերջիններիս հիման վրա ռուսական զորամասերի կազմում ստեղծել հայկական հրաձգային գումարտակներ: Այս քաղաքականությունը խիստ դժգոհություն է առաջացրել հայ կամավորների շարքերում: Այդուհանդերձ, նորաստեղծ հայկական գումարտակները, որոնք հավատացել են ռուսական զենքի հաղթանակին, գործուն մասնակցություն են ունեցել 1916-17թթ. Արևմտյան Հայաստանում և Իրանում մղված մարտերին:

Հայկական կամավորական ջոկատները մարտնչել են նաև Անտանտի մյուս երկրների բանակներում: Նրանցից կազմված Հայկական լեգեոնը մասնակցել է Մերձավոր Արևելքում Թուրքիայի դեմ մղված ռազմական գործողություններին և իր առաջին մարտական մկրտությունն ստացել է Արարայի ճակատամարտում ֆրանսիական բանակի կազմում: Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխությունից հետո ռուսական բանակի հրամանատարությունը, ելնելով ռազմաճակատը պահելու անհրաժեշտությունից, լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել հայկական գումարտակները համալրելու և սպառազինելու ուղղությամբ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս է եկել պատերազմից, և նրա զորքերն սկսել են լքել Արևմտյան Հայաստանը:

Նախկին կամավորական ջոկատներից և ռուսական բանակում ծառայող հայ զինվորականներից ստեղծված հայկական կամավոր, զորաջոկատները որոշ ժամանակ անհավասար մարտերում դիմադրել են թուրքերին: Խախտելով 1917թ. դեկտեմբերի 5-ին կնքված Երզնկայի զինադադարը՝ թուրքական զորքերը հարձակման են անցել և վերագրավել Արևմտյան Հայաստանը: Առաջին աշխարհամարտն ավարտվել է 1918-ի աշնանը՝ Անտանտի հաղթանակով: Պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից ու Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը թողել են Հայաստանի Հանրապետության տարածքն ու Կարսի մարզը, վերականգնվել է 1914թ. ռուս-թուրքական սահմանը:

Հայ կամավորական խմբերը բացառիկ խիզախություն և ռազմական հմտություն դրսևորեցին պատերազմի առաջին շրջանում: Կատարելով առաջապահ, հետախուզական և պահակազորային ծառայություններ՝ հայ կամավորականներն ակտիվ մասնակցություն ունեցան Սարիղամիշի, Էրզրումի, Դիլմանի, Ռևանդուզի և այլ ճակատամարտերին, Բերկրի-Կալայի, Վանի, Խնուսի, Բիթլիս և Էրզրումի ազատագրմանը: Նրանք մեծ դեր կատարեցին նաև արևմտահայ գաղթականության կյանքը փրկելու և ազատագրված տարածքներում վերաշինության գործում: Հայ կամավորներից շատերը մարտի դաշտում ցուցաբերած արիության համար պարգևատրվեցին մարտական շքանշաններով և մեդալներով: Օրինակ միայն 2-րդ կամավորական խմբի անձնակազմից 1914-1916թթ. Գեորգիյան խաչով պարգևատրվել են 76 կամավորական, որից երկուսն առաջին աստիճանի: Ռազմի դաշտում զոհվեց ավելի քան 700 կամավորական: Այսպիսով կամավորական շարժումը պատմության մեջ մնացել է որպես հայ ազգային ազատագրական պայքարի ամենավառ էջերից մեկը:

Թողնել մեկնաբանություն